Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս «Erasmus+» դասախոսական շարժունության ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես եկա Պորտոյի Պոլիտեխնիկական ինստիտուտի Կրթության բաժնում (School of Education, Polytechnic Institute of Porto, Portugal)։
Այցի ընթացքում անցկացրի դասախոսությունների և գործնական հանդիպումների շարք՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ ներկայացնելով հայկական երաժշտարվեստի, դաշնամուրային մանկավարժության և ժամանակակից երաժշտական կրթության տարբեր հիմնահարցեր։ Ծրագիրը նպատակ ուներ խթանել միջմշակութային երկխոսությունը և ամրապնդել Հայաստանի և Պորտուգալիայի միջև ակադեմիական համագործակցությունը։

Դասախոսությունների թեմաներն էին.
- Հայկական դաշնամուրային երաժշտության պատմությունը՝ հայկական դաշնամուրային արվեստի ձևավորման և զարգացման հիմնական փուլերը, նշանավոր կոմպոզիտորներն ու ստեղծագործական ուղղությունները։
- Կոմիտաս Վարդապետը և հայ երաժշտական մշակույթը՝ հայ երաժշտության սկզբնավորման ուղին և կոմպոզիտորական ձևավորումը և Կոմիտաս Վարդապետի գործունեության նշանակությունը հայ երաժշտարվեստում։
- Դաշնամուրի դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունը՝ ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքները, նորարարական մանկավարժական մոտեցումները և դաշնամուրի արդյունավետ դասավանդման ռազմավարությունները։
- Երաժշտական կրթության արդի մարտահրավերները՝ բարձրագույն երաժշտական կրթության, ուսումնական ծրագրերի արդիականացման, թվային տեխնոլոգիաների կիրառման և մասնագիտական պատրաստման հեռանկարների համատեքստում։
Շարժունության ծրագիրը նաև բացառիկ հնարավորություն էր փորձի փոխանակման, պորտուգալացի գործընկերների հետ մասնագիտական կապերի ամրապնդման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական և կրթական նախաձեռնությունների նոր հնարավորությունների քննարկման համար։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Կրթության բաժնի ղեկավարությանը, դասախոսական անձնակազմին և ուսանողներին ջերմ ընդունելության, հետաքրքիր քննարկումների և հայկական երաժշտական մշակույթի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։
Շնորհակալություն նաև «Erasmus+» ծրագրին՝ այս արժեքավոր միջազգային ակադեմիական համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։
Համոզված եմ, որ այս այցը կդառնա նոր գիտական, կրթական և մշակութային համագործակցությունների ամուր հիմք՝ նպաստելով երաժշտության միջոցով ժողովուրդների միջև փոխըմբռնման և մասնագիտական կապերի զարգացմանը։



